«Այբ» կրթական հիմնադրամը, մեծապես կարևորելով մանկավարժների, ուսուցիչների, ուսանողների վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցը և ցանկանալով օգնել նրանց՝ քայլելու ժամանակի գիտական ու տեխնոլոգիական զարգացումներին համընթաց, պարբերաբար կազմակերպում է վարպետության դասեր` տարբեր թեմաներով և ձևաչափերով: «Այբ» հիմնադրամի կազմակերպած վարպետության դասերը հնարավորություն են տալիս հայ մասնագետներին ու երիտասարդներին ունկնդրելու դասախոսություններ` հետաքրքիր ու արդիական թեմաներով: Աշխարհահռչակ ու հաջողակ մասնագետները լսարանին հաղորդակից են դարձնում իրենց անձնական փորձին և իրենց օրինակով ցույց տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել այս կամ այն ոլորտում և թե որոնք են այդ հաջողության բաղադրիչ մասերն ու գաղտնիքները, օրինակ ծառայում երեխաների համար, սովորեցնում ուսանողներին, ոգևորում սկսնակ ձեռներեցներին և սեփական փորձը ներկայացնում մասնագետներին:
Առաջին վարպետության դասերն «Այբ»-ը կազմակերպեց 2009 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին՝ քիմիայի ուսուցիչների և նվիրյալների համար: Դասերը կազմակերպվեցին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Երևանյան դասերն անցկացվում էին «ԱյբԼաբ»-երում: Դասերը վարում էին դասավանդման երկարամյա փորձ ունեցող մասնագետներ: Վարպետության դասերի այս շարքը նպատակ ուներ բարձրացնել ուսուցիչների վարպետությունը՝ շնորհալի երեխաների հետ պարապելու և օլիմպիական ու ոչ ստանդարտ խնդիրների լուծման նոր հմտություններ նրանց փոխանցելու համար: 2011 թվականին «Այբ» դպրոցի բացումից հետո դպրոցը դարձավ ուսուցիչների վերապատրաստման լաբորատորիա, որտեղ քաղաքային ու գյուղական համայնքների ուսուցիչները հանդիպում են դասալսումների, փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:
«Այբ» հիմնադրամի տարբեր ծրագրերի ձևաչափերում հայաստանցի և արտասահմանցի հայտնի մասնագետներ հետաքրքիր ու արդիական թեմաներով տասնյակ վարպետության դասեր են անցկացրել հայ լսարանի համար: Դրանց մի մասն էլ իրականացվել է «Երևան» ամսագրի և «Ակտիտուր» ընկերության հետ համագործակցությամբ՝ «Հաջողության բանաձև» կոչվող նախագծի շրջանակներում: Բանախոսների շարքից արժե առանձնացնել հետևյալ անձանց՝
ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յան,
ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան,
«Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ, բիզնեսի ռազմավարական զարգացման վարչության ղեկավար Ռաֆայել Մինասբեկյան,
«Sberbank CIB» (նախկին «Тройка Диалог») ընկերության կառավարիչ, նախագահի աշխատակազմի ղեկավար Գոռ Նահապետյան,
«Henderson» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյան,
հայտնի ձեռնարկատեր և վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսով,
հայտնի ֆինանսիստ և Ուոլ Ստրիթում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արթուր Բերդ:
«Այբ»-ի կազմակերպած վարպետության դասերը նպատակ ունեն հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչելու սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ և օգնելու նրանց խորհուրդներով ու չհորինված պատմությունների օրինակներով:
«Այբ»-ի օգնությամբ Հայաստան են գալիս մարդիկ, ում գլխավոր հարստությունը անձնական փորձն ու անցած ճանապարհն է, և այն հասանելի է դառնում հայ հանրությանը:
«Այբ» դպրոցում բացման օրվանից մինչև օրս անցկացվում են հատուկ դպրոցականների համար մշակված «Անկեղծության պահեր» կոչվող վարպետության դասերը, երբ երեխաներին հյուր են գալիս կրթության շնորհիվ կյանքում հաջողության հասած և դրական ու ոգևորիչ օրինակ ծառայող մարդիկ, ովքեր անկաշկանդ ու անմիջական շփման միջոցով պատմում են, թե ինչպես են իրենք անցել իրենց հաջողության ուղին, ինչպես մտածել, ինչպես որոշումներ կայացրել, ինչով ոգեշնչվել և ինչն արժևորել: «Անկեղծության պահերի» ամենամեծ դերը դաստիարակչականն է, իսկ հիմնական նպատակը՝ կրթության քարոզը և երեխաներին կրթությամբ կյանքի ուղին հարթելու և բարձունքների հասնելու ճանապարհ ցույց տալը:
Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
«Այբ»-ի կազմակերպած վարպետության դասերին
«Այբ» դպրոցի «Անկեղծության պահեր» նախագծի շրջանակներում
Երևանից և մարզերից «Այբ»-ի կազմակերպած առաջին վարպետության դասերին