«Մեղու» հայերենի մրցույթ - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • «Մեղու» հայերենի մրցույթ
  • «Մեղու» հայերենի մրցույթ
  • «Մեղու» հայերենի մրցույթ
  • «Մեղու» հայերենի մրցույթ

«Մեղու» հայերենի մրցույթ

Հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման բազմամյա դրական փորձի վրա` «Այբ» հիմնադրամը ստեղծել և 2014 թվականից Հայաստանում և Արցախում անցկացնում է «Մեղու» հայերենի մրցույթը: «Մեղու»-ի նպատակները նույնն են, ինչ «Այբ»-ի կազմակերպած մյուս դպրոցական մրցույթներինը՝ սեր արթնացնել աշակերտների շրջանում դպրոցական առարկաների հանդեպ, խթանել դպրոցահասակ երեխաների մասնակցությունը ոգևորիչ ու հետաքրքրաշարժ մրցույթներին: «Մեղուն» չի զիջում «Կենգուրուին» աշակերտների մասնակցության բարձր ցուցանիշներով: «Մեղու»-ի նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար, զարգացնել նրանց լեզվամտածողությունը և լեզվագիտական ունակությունները, օգնել աշակերտների ներուժի բացահայտմանը և ինքնադրսևորմանը, նպաստել հայոց լեզվի զարգացմանն ու տարածմանը:


«Մեղու» հայերենի մրցույթով «Այբ» հիմնադրամը ստեղծել է հայոց լեզվի զանգվածային մրցույթի որակյալ ու հաջողված բովանդակություն:
 

Ի տարբերություն «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների, որոնց դեպքում առաջադրանքները պատրաստի ուղարկվում են միջազգային կազմակերպությունների կողմից և ապա թարգմանվում բոլոր մասնակից երկրներում, «Մեղու»-ի պարագայում պետք էր ստեղծել նոր բովանդակություն: Մշակվեց և կյանքի կոչվեց առաջադրանքների ստեղծման մի այնպիսի համակարգ, որի շնորհիվ ունեցանք գրագետ, գրավիչ ու հետաքրքրաշարժ առաջադրանքներ, որոնք էլ դարձան մրցույթի հաջողության հիմքը: Մասնագետների մի ամբողջ խումբ առաջադրանքների ստեղծման վրա աշխատեց հստակ հանձնարարականով, կանոնավոր հանդիպումների ու քննարկումների ժամանակացույցով, ինչի արդյունքում ստեղծվեց տրամաբանական, հետաքրքրաշարժ, իրար չհակասող ու չկրկնող, զուտ հիշողության կամ հստակ կանոնների ու գիտելիքների վրա չհիմնված առաջադրանքների փաթեթ:
 

Ինչպես և «Կենգուրուի» դեպքում, «Մեղու»-ին մասնակցելու որևէ նախապայման չկա, և մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին շնորհվում են պատվոգրեր ու մրցանակներ, իսկ հաղթողները ստանում են արժեքավոր նվերներ: «Այբ» հիմնադրամն իր կողմից սահմանում է լրացուցիչ խրախուսական մրցանակներ, որպեսզի որևէ դպրոց առանց մրցանակակրի չմնա:

 

Կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերներն արգելք չեղան, որ «Այբ» կրթական հիմնադրամը շարունակի կրթական տոն պարգևել հազարավոր երեխաների և հանդես գա նոր, ժամանակին համահունչ լուծումներով և նորարար գաղափարներով։ «Այբ»-ի զանգվածային դպրոցական մրցույթներն անցնում են առցանց հարթակ՝ հնարավորություն ընձեռելով հազարավոր երեխաների՝ նոր տեխնոլոգիական լուծումներով ստուգելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը և մասնակցելու ամենամեծ կրթական շարժմանը Հայաստանում։

 

Մենք լիահույս ենք, որ մրցույթի նոր ձևաչափով անցկացումը նոր խթան կծառայի մեր կրթության ոլորտում նորարարությունների և 21-րդ դարին համահունչ ծրագրերի ներդրմանը։

 

 

Համագործակից կառույցներ

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն

Uteach

Telcell

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ

Ավելին

ավելի քան 35.400

աշակերտ Հայաստանի և Արցախի 969 դպրոցից

մասնակցել է «Մեղու 2018»-ին

  • «Մեղու» հայերենի մրցույթ
  • «Մեղու» հայերենի մրցույթ
  • «Մեղու» հայերենի մրցույթ
  • «Մեղու» հայերենի մրցույթ

«Մեղու»-ի սկզբունքներն ու առավելությունները.

1

Մրցույթին մասնակցում են 3-12-րդ դասարանցիները.

բոլոր ցանկացողները կարող են գրանցվել իրենց դպրոցում ու մասնակցել մրցույթին:

2

Մրցույթի առաջադրանքները տրամաբանական են և հետաքրքրաշարժ.

ուղղված են լեզվամտածողական և լեզվագիտական ունակությունների զարգացմանը:

3

Հստակ կանոնների ու գիտելիքների իմացություն չի պահանջվում:

մրցութային առաջադրանքներն ու խնդիրները կախված չեն ուսումնական ծրագրերից:

4

Մասնակցության նախապայման չկա.

մրցույթն անցկացվում է մեկ փուլով և միևնույն օրը՝ առանց ընտրական փուլերի:

5

Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում.

դա մրցույթի նպատակների մեջ չի մտնում. ամեն աշակերտ մրցում է միայն ինքն իր հետ՝ փորձելով ուժերն ու ստուգելով գիտելիքները մայրենի լեզվում ու գրականությունում:

6

Բոլոր մասնակիցները ստանում են հավաստագիր ու հուշանվեր.

աշակերտները մրցույթի օրը ստանում են փոքրիկ հուշանվերներ, իսկ մասնակից բոլոր դպրոցներն ու աշակերտները՝ մասնակցության հավաստագրեր: