Քիմիկոսների ուսանողական մրցաշար - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Քիմիկոսների ուսանողական մրցաշար
  • Քիմիկոսների ուսանողական մրցաշար
  • Քիմիկոսների ուսանողական մրցաշար
  • Քիմիկոսների ուսանողական մրցաշար

Քիմիկոսների ուսանողական մրցաշար

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծում է Քիմիկոսների ուսանողական մրցաշար, որը նպատակ ունի աճեցնելու երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստելու մեր երկրում քիմիայի զարգացմանը, նոր մասնագետների ներգրավմանը և հասարակության մեջ քիմիա մասնագիտության դերի մեծացմանը։

 

Քիմիկոսների ուսանողական մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի առաջին ծրագիրն է, որն ուղղված է բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը: «Այբ»-ն առաջին անգամ դուրս է գալիս դպրոցական մրցույթների կազմակերպման ոլորտից և իր ծրագրերն ուղղում նաև բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Քիմիկոսների ուսանողական մրցաշարը 2010 թ.-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների համահայկական  մրցաշարի (ՊՔՀՄ) տրամաբանական շարունակությունն է։ Արդեն 10 տարի «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում է դպրոցականների կողմից սիրված այս մրցաշարը, որին մինչ օրս մասնակցել է 283 թիմ (ներառյալ 2019-2020 թթ. մրցաշարին գրանցված թիմերը), 1415 աշակերտ և ավելի քան 280 ուսուցիչ։ «Այբ» կրթական հիմնադրամը արդեն երեք տարի հնարավորություն է ընձեռում մեր երեխաներին ներկայացնելու իրենց և մեր երկիրը նաև միջազգային հարթակում՝ մասնակցելով Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին. վերջին երկու մրցաշարերից մեր երեխաները վերադարձել են երրորդ կարգի դիպլոմներով և անվանական պատվոգրերով։ Հենց Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի հաջողված փորձի վրա է հիմնված ուսանողական մրցաշարը։ 

 

Քիմիկոսների ուսանողական մրցաշարը թիմային մրցույթ է, որում բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով հետաքրքրվող ուսանողները կդրսևորեն բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարը հնարավորություն կտա արդի քիմիական խնդիրների լուծման գործընթացը տեղափոխելու ուսանողական հարթակ և պահելու այդ նույն ոգևորվածությունը և ստեղծագործ մոտեցումներն ուսման գործընթացում։

Արդյունքում ակնկալում ենք ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գիտարտադրական գործունեության մեջ, ձևավորել ուսանողական թիմեր` արդի գիտական և տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար, նպաստել ուսանողներին ընկերություններում և հետազոտական ինստիտուտներում աշխատանքի տեղավորելուն։

 

Ծանոթացե՛ք մրցաշարի կարգին և առաջադրանքներին այստեղ

 

Քիմիկոսների մրցաշարերի մեր կայուն գործընկերն ու աջակիցը «Կոնվերս բանկն» է։
 

Դիտե՛ք Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի վերաբերյալ «Այբ» կրթական հիմնադրամի պատրաստած տեսաֆիլմը՝ գնահատելու մեր անցած ճանապարհը և արժևորելու այս մասնագիտությունն ու գիտությունը՝ որպես մեր տնտեսության մի շարք կարևոր ճյուղերի, արտադրության ոլորտի ու բժշկության շարժիչ ուժ։