Ծաղկունքի բաց դպրոց - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Ծաղկունքի բաց դպրոց

Ծաղկունքի բաց դպրոց

2010-2015 թվականներին «Այբ» կրթական հիմնադրամը ներգրավված էր Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դպրոցի կրթական ծրագրերի բարեփոխման և զարգացման գործընթացներում, որոնք իրականացվում էին «Դար» կրթամշակութային հիմնադրամի կողմից՝ Ծաղկունքի համայնքի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերի շրջանակներում։ Այս ծրագրի շնորհիվ «Այբ» հիմնադրամը հնարավորություն ստացավ տարածելու իր կրթական տեխնոլոգիաները նաև գյուղական դպրոցում և իրականացրեց ընդհանուր կրթության որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
 

«Այբ» հիմնադրամի դերը Ծաղկունքի դպրոցի զարգացման գործում, մասնավորապես, ուղղված էր կրթական ծրագրերի վերանայմանը և զարգացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, ուսուցիչների և աշակերտների գնահատման ու շահադրդման համակարգերի մշակմանը: Ծաղկունքի դպրոցը ներգրավված էր «Այբ» համակարգի բոլոր ծրագրերում, միջոցառումներում, ուսուցչական համաժողովներում, փոխանակման ծրագրերում, սոցիալական և մշակութային նախագծերում: Դպրոցում ստեղծված ծրագրային թիմերը դպրոցի տնօրենի հետ իրականացնում էին կրթական բովանդակության և համայնքի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր:
 

«Դար» հիմնադրամն ազգային արժեքների պահպանման ու դրանց զարգացման համար լայնածավալ համայնքաշինական ծրագրեր է իրականացնում Ծաղկունք գյուղում: Ազգային արժեքների պահպանության և համայնքաշինության ամենակարևոր օղակը «Դար»-ը համարում է դպրոցը: 2007 թվականին հիմնադրամի ջանքերով հիմնանորոգվեց Ծաղկունք գյուղի դպրոցը: Բացի նոր շենքային պայմաններից՝ խնդիր կար փոփոխելու նաև դպրոցի կրթական ծրագրերը, որպեսզի երեխաները հնարավորություն ունենային զբաղվելու այն ամենով, ինչը նրանց կկապեր իրենց արմատներին, կդաստիարակեր հայկական ոգով ու մտածողությամբ, ներդաշնակ կպահեր հարազատ միջավայրի հետ:
 

Ծաղկունքի դպրոցում փորձ արվեց ստեղծելու գյուղական դպրոցի մոդել, որն ապագայում իր տարածումը կարող է գտնել նաև հանրապետության այլ գյուղական համայնքներում: Գյուղական դպրոցի մոդելի գաղափարի մեջ կարևորվում է, անշուշտ, ընդհանուր կրթական ծրագրերում գյուղատնտեսական բաղադրիչի զարգացումը՝ ըստ տվյալ համայնքի ագրարային պահանջների (մեղվապահություն, բուսաբուծություն, անասնապահություն և այլն): Օրինակելի գյուղական դպրոցը ենթադրում է, սակայն, ոչ միայն ագրոկրթության բաղադրիչի ներդրում կրթական ծրագրում, այլև միևնույն ժամանակ ընդհանուր կրթական ծրագրերի բարձր որակի ապահովում:

 

Համագործակից կառույցներ
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպություններին՝ այս ծրագրի իրականացմանը աջակցելու համար.
 

«Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամ

 

Ավելին

  • Ծաղկունքի բաց դպրոց
  • Ծաղկունքի բաց դպրոց
  • Ծաղկունքի բաց դպրոց