Բնագիտության ուսանողական մրցաշար - Մեր նախագծերը | «Այբ» կրթական հիմնադրամ
  • Բնագիտության ուսանողական մրցաշար

Բնագիտության ուսանողական մրցաշար

Բնագիտության ուսանողական մրցաշարն (ԲՈՒՄ) «Այբ» կրթական հիմնադրամի՝ բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագիր է: Այն 2010 թ.-ից դպրոցականների համար կազմակերպվող Պատանի քիմիկոսների մրցաշարի (ՊՔՄ) տրամաբանական շարունակությունն է և գալիս է ընդլայնելու 2020-ին մեկնարկած Ուսանող քիմիկոսների մրցաշարը՝ ընդգրկելով ոչ միայն քիմիան, այլև բնագիտական մյուս ոլորտները։

 

Նպատակը

- Ստեղծել ընդհանուր հարթակ բնական գիտություններով զբաղվող ուսանողների համար

- Խթանել ամենաարդիական խնդիրների բազմակողմանի լուծումներ գտնելու մշակույթը

- Կամրջել երիտասարդ մասնագետներին և գործատուներին

- Նպաստել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում գիտական մտքի զարգացմանն ու ուժեղ համայնքի ձևավորմանը

 

Ում համար է մրցաշարը      

Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Արցախի բուհերում կենսաբանություն, ֆիզիկա և քիմիա ուսումնասիրող ուսանողների համար՝

 

- կիրառելու գիտելիքներն ամենաարդի խնդիրների լուծման մեջ, 

- գնահատելի և ճանաչելի դառնալու մասնագիտական համայնքի համար,

- ապահովելու բնական գիտություններով հետաքրքրված անհատների միջև կապ,

- մաս դառնալու գիտական մեծ համայնքի։

 

Մրցաշարը թիմային է։ Յուրաքանչյուր թիմ ունի 4-5 ուսանող անդամ և պետք է ունենա ավագ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։

 

Ձևաչափը

Մրցաշարի ընթացքում սպասվում են գիտական փորձեր, անակնկալ առաջադրանքներ, ինչպես նաև կիսաեզրափակիչ և եզրափակիչ մարտեր՝ սեփական նախագծային աշխատանքը ներկայացնելու հնարավորությամբ։

 

Մասնակից թիմերն ազատ են որոշելու իրենց հետազոտության ծավալը և բնույթը (տեսական, գործնական)։ Յուրաքանչյուր տարի ունենալու է իր թեմատիկ  ուղղվածությունը՝ ռազմականից մինչև էկոլոգիական։ Իմացիր ավելին՝ ծանոթանալով մրցաշարի կարգին։

 

Տարբերանշանի պատմությունը

Մրցաշարն ունի իր պատմությամբ ու խորհրդով յուրահատուկ տարբերանշան։

 

Բնագիտության ուսանողական մրցաշարի (ԲՈՒՄ) տարբերանշանի հիմքում ընկած է շումերական saĝ (գլուխ) պատկերագրի ժամանակային փոխակերպումների արդյունք սեպագիրը՝ խորհրդանշելով գիտության զարգացող-կերպափոխվող բնույթը:

 

Սեպագիրն ունի նաև փոխաբերական նշանակություններ՝ սկիզբ, գլխավոր, առաջնակարգ։ Այս իմաստով այն շաղկապվում է բնական գիտությունների՝ որևէ բան առաջ բերող, բխեցնող էության հետ:

 

Սեպագրի հորիզոնական տարրերը հիշեցնում են շեփորներ և ամփոփում դեպի բնագիտություն նոր սերունդներին կանչելու մեր ձգտումն ու ուղերձը։

 

Ուղղահայաց 3 սյունն էլ՝ կապված հորիզոնական տարրերով, խորհրդանշում են մի կողմից բնական գիտություններից յուրաքանչյուրի ինքնուրույնությունը, մյուս կողմից՝ փոխկապվածությունը, որը նրանց միավորում է մեկ համակարգում։

 

Մրցաշարն անցնելու է «Գիտության ԲՈՒՄերանգ» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով ամեն նոր սերնդի՝ բումերանգի նմանվող անընդհատ վերադարձը գիտության աշխարհ։

 

 

Տարբերանշանի անիմացիան դիտելու համար սեղմիր պատկերը։

 

Մրցաշարի մասին ավելին իմանալու համար տես «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի էջը։

 

 

Դիտե՛ք նաև՝

Բնագիտության ուսանողական առաջին մրցաշարի մասին պատմող տեսանյութը։

Բնագիտության ուսանողական մրցաշարի վերաբերյալ տեսանյութը։

Պատանի քիմիկոսների մրցաշարի վերաբերյալ տեսաֆիլմը:

Ուսանող քիմիկոսների առաջին մրցաշարի վերաբերյալ տեսաֆիլմը:

Ուսանող քիմիկոսների 2021 մրցաշարի վերաբերյալ ֆիլմը։